Հոդված 23. Մարդու արժանապատվությունը

Արժանապատվություն (լատին․՝ dignitas), մարդու իրավունքների հիմնարար հասկացություն է, բարձրագույն և առանցքային արժեք, մարդու անքակտելի և անօտարելի իրավունք, որը հատուկ է նրան ծնված օրից։ Անձի արժանապատվությունը այն հիմքն է, որի վրա կառուցված է մարդու իրավունքների համակարգը։ Արժանապատվությունը սկզբունք է, որը ընկած է մարդու իրավունքների հիմքում և միևնույն ժամանակ պաշտպանվում է որպես իրավունք՝ առանձին և այլ իրավունքների համատեքստում։

Չեզարե Ռիպայի «Իկոնոլոգիա»-ից փայտանկար, որտեղ պատկերված է արժանապատվության ալեգորիան։

Մարդու իրավունքների հիմնարար սկզբունք լինելուց զատ՝ այն նաև փիլիսոփայական և բարոյագիտական հասկացություն է։ Իբրև այդիպիսին այն ընկալվում է որպես մարդու հատուկ բարոյական վերաբերմունքը ինքն իր հանդեպ և նրա հանդեպ հասարակության վերաբերմունքը, որտեղ ընդունվում է անձնավորության արժեքը։ Մի կողմից, մարդու՝ սեփական արժանապատավության գիտակցումը անձնավորության ինքնագիտակցման և ինքնավերահսկման ձևն է, նրա վրա է հիմնվում ինքն իր հանդեպ մարդու պահանջկոտությունը։ Իր արժանապատվության հաստատումը և պաշտպանումը ենթադրում է նրան համապատասխանող բարոյական արարքների կատարում (կամ, ընդհակառակը, թույլ չի տալիս մարդուն վարվելու իր արժանապատվությունից ցածր)։ Այս իմաստով սեփական արժանապատվության ըմբռնումը, խղճի և պատվի հետ միասին, հանդիսանում է մարդու՝ ինքն իր առջև որպես պատասխանատվության գիտակցման եղանակներից մեկը։ Մյուս կողմից, անձի արժանապատվությունը պահանջում է նաև մյուս մարդկանցից՝ հարգել անհատին, ճանաչել մարդու համապատասխան իրավունքներն ու հնարավորությունները, նրան ներկայացվող բարձր պահանջկոտությունը։

Թեև արժանապատվությունը համարվում է մարդուն ծնված օրից բնորոշ հատկանիշ, խոսվում է նաև սաղմի արժանապատվության մասին։ Մասնավորապես Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանը հետևում է այն տեսակետին, որ չծնված կյանքին (nasciturus) ևս հատուկ է արժանապատվությունը, և դա ձևակերպվում է հետևյալ կերպ. «Որտեղ գոյություն ունի մարդկային կյանք, նրան հատուկ է արժանապատվությունը. վճռորոշ նշանակություն չունի, թե դրա կրողը գիտակցում է արդյոք իր արժանապատվությունը և կարող է արդյոք անձամբ պաշտպանել»։

Գրականության մեջ կենդանիների իրավունքների համատեքստում արծարծվում է կենդանիների արժանապատվության պաշտպանության հարցը, օրինակ՝ կենդանիները կրկեսներում անում են անբնական հնարքներ, պահվում են ճաղավանդակների մեջ՝ վախի, սովի, ցավի պայմաններում։

Оставьте комментарий