Կոտայքի մարզ

Կոտայքի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի կենտրոնական հատվածում։ Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդը, Մարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը։ Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաք Երևանին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին։ Հայաստանի միակ մարզն է, որը չի սահմանակցում հարևան որևէ պետության հետ։ Միևնույն ժամանակ, Կոտայքը չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են Երևանին։

Կոտայքի վարչական կենտրոնը Հրազդանն է, խոշորագույն քաղաքը՝ Աբովյանը։ Մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք՝ 8-րդը Հայաստանի մարզերի շարքում։ Ըստ 2023 թվականի տվյալների վիճակագրական տվյալների՝ Կոտայքի մարզի բնակչությունը կազմում է 254 600 մարդ։ Ներառում է 42 համայնքներ, այդ թվում՝ 7 քաղաքային և 35 գյուղական։ Խոշորագույն համայնքներն են Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Բյուրեղավան, Նաիրի և Նոր Հաճըն միավորները։

Կոտայքի արևմտյան մասը պատմականորեն ներառված է եղել Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների կազմում։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Աբովյանի, Հրազդանի և Նաիրիի շրջանների միավորման հետևանքով։

Կոտայքի մարզը Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է։ Հրազդանում գործում է ջերմաէլեկտրակայան և ջրաէլեկտրակայան, որոնք բավարարում են Հայաստանի էներգետիկ պահանջների մի մասը։  Մարմարիկ գետի ձախ ափին գտնվող Մեղրաձոր գյուղում պահվում են զգալի ոսկու պաշարներ։ Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, որն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն։ Մարզի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Դրանց մարգարիտը Գառնու հեթանոսական տաճարն է, որը կառուցվել է 1-ին դարում և համարվում է նախաքրիստոնեական շրջանի հայոց պատմության եզակի մարգարիտներից մեկը։ Նշանավոր են նաև Բջնի բերդը, միջնադարյան Կեչառիսի վանքային համալիրը և Գեղարդավանքը։

Աշխարհագրություն

Կոտայքը կենտրոնական դիրք է գրավում Հայաստանի տարածքում։ Արևելքում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիսում և հյուսիս-արևելքում համապատասխանաբար Լոռու և Տավուշի մարզերին, հարավում սահմանակից է Արարատի մարզին և քաղաքամայր Երևանին, իսկ ամբողջ արևմուտքում՝ Արագածոտնի մարզին։ Ամենաերկար սահմանագիծը Արագածոտնի մարզի հետ անցնող սահմանն է, իսկ ամենակարճը՝ Տավուշի մարզի սահմանը։

Լեռնագրություն

Կոտայքը գտնվում է Արարատյան գոգավորության նախալեռան հյուսիս-արևելքում՝ Հրազդան և Ազատ գետերի միջև, Կոտայքի սարավանդի վրա։ Հյուսիս-արևելքում բարձրանում են Գեղամա լեռնաշղթան (Աժդահակ լեռ 3598 մ) և Ողջաբերդի լեռնաբազուկը, արևմուտքում ձգվում է Հրազդանի կիրճը, իսկ հարավում՝ Նորքի բարձրությունը։ Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Հրազդան գետի երկու ափերին, տարածվում են Կոտայքի և Եղվարդի թույլ մասնատված լավային սարավանդերը։ Կենտրոնական հատվածում են գտնվում Գութանասարի, Արայի և Հատիս լեռնագագաթները։ Մարզի հարթավայրերն են` Եղվարդի հարթավայրը (գտնվում է ծովի մակերևույթից 1200-1300 մետր բարձրության վրա) և Հրազդանի սարահարթը (ծովի մակերևույթից` 1700-1800 մետր բարձրության վրա)։ Ամենաբարձր կետը Աժդահակ լեռն է՝ 3598 մետր բարձրությամբ։ Աժդահակ լեռը գտնվում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին։ Ռելիեֆը մեղմ ալիքավոր է, տեղ-տեղ բարձրանում են մնացորդային բլուրներ և խարամային կոներ։ Ծածկված է Գեղամա լեռնաշղթայի հրաբուխներից արտավիժած լավաներով ու տուֆերով, որոնք ընդարձակ աստիճաններով Ողջաբերդի լեռնաբազուկից ձգվում են դեպի Գետառի ալյուվիալ հովիտը։

Թեք ու անտառազուրկ լանջերում շատ են հեղեղատներն ու փոքր հովիտները։ Շրջանի տարածքի մեծ մասում տեղանքի թեքությունները 8°-ից չեն անցնում, ուստի տնտեսական յուրացման համար համեմատաբար դյուրին են։ Կոտայքի մարզի հողաբուսական ծածկույթը բավականին խայտաբղետ է։ Գերակշռում են լեռնատափաստանային և լեռնաշագանակագույն, բարձրադիր վայրերում՝ ենթալպյան լեռնամարգագետնային, սևահողանման ու դարչնագույն հողերը։ Սարավանդներին բնորոշ են շագանակագույն հողերը և չոր տափաստանային լանդշաֆտները։ Լեռնալանջերին սևահողային ծածկույթի վրա ձևավորվել են լեռնային տափաստաններ։ Ծաղկունյաց լեռների և Մարմարիկի հովտի անտառների տակ տարածվում են գորշ դարչնագույն հողերը։ Բարձրադիր լեռնային գոտուն բնորոշ է լեռնամարգագետնային լանդշաֆտը։ Գետահովիտներում կուլտուրացված ոռոգվող հողեր են։ Բարձրադիր մասերում տարածված են խոտհարքներն ու ամառային արոտավայրերը։ Լավ են արտահայտված բնական լանդշաֆտային գոտիները։

Ջրագրություն

Կոտայքի մարզն աչքի է ընկնում ներքին ջրերի առատությամբ։ Գետերից Հրազդանը, Գետառը, Ազատը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ակնա լճի (բարձրությունը՝ 3032 մետր) ջրերով ջրարմիացվում են ամառային արոտավայրերը։ Հրաբխային ապարների մեջ ներծծված ջրերն աղբյուրների տեսքով դուրս են գալիս լեռների ստորոտներում, ինչպես նաև Հրազդան և Ազատ գետերի կիրճերում։ Հայտնի են Քառասունակնի, Գառնիի և Արզնու աղբյուրները, որոնց ջրերը հասնում են Երևանին և օգտագործվում կենցաղային և արդյունագործածական նկատառումներով։ Կոտայքի մարզի քաղաքային և գյուղական բնակավայրերի տարածքներում կան տասնյակ լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։ Կոտայքի մարզի լճերը տնտեսական նշանակություն գրեթե չունեն։ Դրանք հիմնականում օգտագործվում են ոռոգման նպատակներով և ունեն տեղական նշանակություն։ Մարզի ջրամբարներն օգտագործվում են ոռոգման, էներգետիկայի, ձկնաբուծական և բուժական նկատառումներով։ Հայտնի են Մարմարիկի և Աղբյուրակի ջրամբարները։

Կոտայքի մարզի ստորգետնյա ջրերի պաշարները բաշխված են անհամաչափ։ Ստորգետնյա ջրերը մեծ նշանակություն ունեն ջրային հավասարակշռության մեջ։ Կոտայքի մարզում կան նաև մի քանի ջրառատ ջրվեժներ։ Դրանցից ամենաջրառատն ու բարձրադիրը Գողթ գյուղում գտնվող Խոսրովի ջրվեժն է, որն ունի 8 մետր բարձրություն։ Ջրվեժն ունի զբոսաշրջային կարևոր նշանակություն։ Ճահիճների թիվը բավականին քիչ է։ Տարեց տարի դրանց քանակն էլ ավելի է կրճատվում։

Կլիմա

Կիման ըստ բարձրության փոխվում է տաք չոր ցամաքայինից մինչև ձյունամերձը։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 10 °C-ից մինչև 2.5 °C: Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Կոտայքի մարզի ցածրադիր շրջաններում միջին հունվարյան ջերմաստիճանը կազմում է 4.5-5 °C: Բարձրադիր շրջաններում հունվարյան ջերմաստիճանը նվազում է մեկ և ավելի ջերմաստիճանով՝ -3.6 °C:

Կոտայքի մարզի բարձրադիր շրջաններում ամառվա ամենատաք ամսին գրանցվում է միջինում 8.7 °C ջերմություն։ Ցածրադիր շրջանների եղանակային պայմանները բավականին տարբեր են։ Ամառվա ամիսներին գրանցվում է բարձր ջերմություն, հատկապես՝ Աբովյան և Հրազդան քաղաքներում։ Միջին հուլիս-օգոստոսյան ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում կազմում է 22.2 °C և ավելի։ Ամենացածր ջերմաստիճանը Հայաստանի Կոտայքի մարզում գրանցվում է Աժդահակ լեռան գագաթին։ Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը նորմայից բարձր է՝ 400-970 մմ։ Տարբեր ամիսներին տեղում է անձրև, կարկուտ, իսկ ձմեռային ամիսներին՝ ձյուն։ Անսառնամանիք օրերի թիվը մարզի ստորին գոտում կազմում է շուրջ 200 օր։

Կոտայքի մարզը, ինչպես և ամբողջ Հայաստանը, գտնվում է Գրինվիչի զուգահեռականից արևելք՝ չորրորդ ժամային գոտում։ Մինչև 2011 թվականը Հայաստանն անցնում էր ամառային և ձմեռային ժամային հերթափոխի. մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ էին տրվում, իսկ հոկտեմբերի վերջին կիրակի օրը ձմեռային ժամանակը վերականգնվում էր՝ ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ տալով։ 2012 թվականից ժամանակը դարձել է անփոփոխ՝ Հայաստանի համապատասխան օրենքի փոփոխությամբ։

Տնտեսություն

Արդյունաբերություն

Կոտայքի մարզի տնտեսության գերակա ճյուղերը երկուսն են՝ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։ Համախառն ներքին արդյունքի ամենամեծ մասնաբաժինը բաժին է ընկնում արդյունաբերությանը։ Վերջինիս արտադրական ծավալի ներուժը հիմնականում կենտրոնացված է քաղաքներում՝ Հրազդանում, Չարենցավանում, Նոր Հաճնում, Եղվարդում, Բյուրեղավանում, Աբովյանում, ինչպես նաև մի շարք խոշոր գյուղական բնակավայրերում։ Արդյունաբերության ճյուղերից առաջատար են համարվում էներգետիկայի, մեքենաշինական և սննդի արդյունաբերության, քարամշակման, հանքարդյունահանման, ձկնաբուծության, շինանյութերի և փայտամշակման ոլորտները։ Արդյունաբերության արտադրանքի մեծ մասը բավարարում է հայաստանյան շուկայի ներքին պահանջները, իսկ մի մասն էլ արտահանվում է արտասահման՝ Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան, Վրաստան, Բուլղարիա, Իրանի Իսլամական Հանրապետություն և այլն։

2013 թվականի տվյալներով Կոտայքի մարզի տարածքում գործում են 164 արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց ընդհանուր արտադրանքը կազմում է ամբողջ Հանրապետության արտադրանքի 13,4%-ը։ Այս ցուցանիշով Կոտայքի մարզը երրորդն է Հայաստանում՝ մայրաքաղաք Երևանից և Սյունիքի մարզից հետո։ Կոտայքի մարզի արդյունաբերության գլխավոր ճյուղերից մեկը սննդի արդյունաբերությունն է։ Այս բնագավառի կարևոր ոլորտներն են կաթնամթերքի վերամշակումը, ինչպես նաև գինու և կոնյակի, պահածոների, ձվի և թռչնամսի, մսամթերքի արտադրությունը։ Կոտայքում զարգացած է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի (այդ թվում և ոսկու) վերամշակումը։ Մարզում ամենաթույլ զարգացած ճյուղը թեթև արդյունաբերությունն է։

Արդյունաբերությունը տալիս է Հայաստանի ռադիոէլեկտրոնիկայի և սարքաշինության արտադրանքի մոտ մեկ հինգերորդ մասը, ապակու և բյուրեղապակու 40%-ից ավելին, ոչ ոգելից խմիչքների և հանքային ջրերի մոտ 12%։ Տնտեսության զարգացման հեռանկարները կապված էին մշակող արդյունաբերության աճի, հանքային հարստությունների շահագործման և մերձերևանյան գոտում գյուղատնտեսական արտադրանքի ավելացման հետ։ Հայաստանի Կոտայքի մարզի տնտեսական ներուժին զգալի վնաս է հասցրել նախկինում տասնյակ հազարավոր աշխատատեղեր ապահովող խոշոր կազմակերպությունների քայքայումը` սեփականաշնորհման, հումքի, իրացման շուկաների նվազման կամ բացակայության և հիմնական միջոցների բարոյաֆիզիկական մաշվածության հետևանքով։ Մարզի տասնյակ մեքենաշինական, թեթև և սննդի արդյունաբերական ձեռնարկություններ դադարեցրեցին իրենց գործունեությունը կամ էլ սկսեցին աշխատել փոքրածավալ հզորությամբ։ Կոտայքի մարզի կայուն զարգացող ոլորտներից է էներգետիկ արդյունաբերությունը։ Դրա երաշխիքներն են 17 հիդրոէլեկտրակայանների և «Հրազդան-5» էներգաբլոկի առկայությունը։

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսությունը մարզի տնտեսության կարևոր ճյուղերից մեկն է։ Հայաստանի այս մարզում գյուղատնտեսական արտադրությունը հիմնականում կազմակերպվում է գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների միջոցով։ Բնորոշ է ինտենսիվ ապրանքային ճյուղերի զարգացումը։ Մասնագիտացած է, որպես այգեգործական-անասնապահական շրջան՝ ծխախոտագործության ու բանջարաբուծության օջախներով։ 2012 թվականին Կոտայքի հողային ֆոնդը կազմել է 84 283 հա, որից վարելահող՝ 14 569 հա, խոտհարք՝ 3 162 հա, արոտավայր՝ 264 69 հա, խաղողի և պտղատու այլ այգիներ՝ 5 059 հա, այլ (գյուղատնտեսության մեջ չօգտագործվող) հողեր՝ 2 7611 հա, անտառներ՝ 6 479 հա։ Երկրագործության նշանակությունը և տեսակարար կշիռը գյուղատնտեսության մեջ զգալիորեն աճ է գրանցել։ Առաջատար ճյուղերից են ծխախոտագործությունը, որ տալիս է գյուղատնտեսության համախառն արտադրանքի 14%-ից ավելին, այգեգործությունը և պտղաբուծությունը՝ շուրջ 10%, բանջարաբուծությունը՝ մոտ 8%։ Դաշտավարական աշխատանքների 80% մեքենայացված է։

Բարձրորակ սերմերի ու տնկանյութի արտադրության, պահպանման և օգտագործման համապատասխան համակարգի ձևավորման հիման վրա զարգացող սերմնաբուծությունը գյուղատնտեսության ոլորտներից մեկն է։ Կլիմայական գոտիների առատությունը թույլ են տալիս մարզի բնակչությանը այստեղ աճեցնել զանազան պտուղ-բանջարեղեններ։ Կոտայքի մարզում աճեցվում է եգիպտացորեն, ցորեն, գարի, արևածաղիկ, կարտոֆիլ, լոբի, վարունգ, լոլիկ, կաղամբ, սմբուկ, հատապտուղներ և զանազան մրգեր։ Կոտայքի մարզի գյուղատնտեսության համար մեկ ոլորտն է անասնապահությունը։ Կոտայքին բաժին է ընկնում ամբողջ հանրապետության անասնապահական մթերքների 7.6 %-ը։ Անասնաբուծության հիմնական ուղղությունը կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունն է։ Մարզում գործում են անասնաբուծական մթերքների վերամշակման ավելի քան 13 մասնագիտացված ընկերություններ։ Անասնապահության մյուս գերակա ճյուղերն են թռչնաբուծությունն ու մեղվաբուծությունը, որը զարգանում է մեծ թափով։ 2014 թվականի տվյալներով Կոտայքի մարզի 620.6 հազ. թև թռչունները արտադրել են 117.3 միլիոն ձու, որը կազմել է հանրապետության ձվի արտադրության 19.1 %-ը։ 2014 թվականի տվյալներով մարզում առկա է 26046 մեղվաընտանիք։ Կոտայքի բնակլիմայական պայմանները բարենպաստ են էկոլոգիապես մաքուր մեղր ստանալու համար։ Կոտայքի ջրանցքի շնորհիվ արգավանդ հողերի խոշոր զանգվածները ոռոգելի են։


Оставьте комментарий